ՌԴ նախագահի ընտրությունները մարտին են, սակայն արդյունքները հայտնի են հիմա։ Պուտինի նախագահական չորրորդ ժամկետը կասկածի ստվեր իսկ չի հարուցում։ Նոյեմբերին (մինչև նախագահի թեկնածության մասին նրա հայտարարությունը) «Լևադա» կենտրոնի հարցումներով` 67 % -ը պատրաստվում է նրա օգտին քվեարկել։ Երկրորդ տեղի համար կարող են պայքարել լիբերալ դեմոկրատ Վլադիմիր Ժիրինովսկին ու կոմունիստ Գենադի Զյուգանովը։ Նրանք կստանան առավելագույնը … 4 %։
Գլխավոր ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնուն պատրաստ է աջակցել 2 %-ը։ «Պուտինի առավելությունն այնքան մեծ է, որ նա անկասկած կհաղթի առաջին փուլում»` վստահ է քաղաքագետ Աբաս Գալյամովը։ Ինչպես էլ լինի` Պուտինը մեծ պետությունը ղեկավարում է համախոհների ու մերձավորների խմբի աջակցությամբ` նախագահի աշխատակազմի, կառավարության, Դումայի, Անվտանգության խորհրդի։ «Ռուսաստանում կան իշխանության 2 զուգահեռ համակարգեր` Սահմանադրությամբ սահմանված` կառավարությունն ու նախագահի աշխատակազմը, որ ոչպաշտոնական կառավարություն է ու զբաղվում է նույն հարցերով»` բացատրում է «Օբսերվո» ֆրանս-ռուսական փորձագիտական խմբի տնօրեն Առնո Դյուբիենը։ Եթե Վոլոդինին ու Նարիշկինին (երկուսն էլ Պուտինի շրջապատից են ու մշտապես լինում են Կրեմլում) քաղաքագետներն ընդունեցին «տեղափոխություն» պետապարատի շրջանակներում, Վայնո-Կիրիենկո տանդեմը շատերի համար անակնկալ էր։ «Коммерсант»-ի քաղաքական մեկնաբան Անդրեյ Պերցևը կարծում է, որ Պուտինի հին ընկերները, որ նրան վերաբերվում են իբրև հավասարի, իր համար բեռ են դարձել։ Նրանք օգնեցին քաղաքականությունից վտարել օլիգարխներին ու ելցինյան դարաշրջանի նահանգապետերին, հիմա Պուտինը չի ուզում ոչ մեկին պարտական լինել։ Վայնոյի նշանակումը պետք է համոզի լուռումունջ, անհայտ ապարատչիկներին, բյուրոկրատներին ու տեխնոկրատներին, որ իրենց ժամը եկել է։ Առնո Դյուբիենի կարծիքով` Վայնոյի ու Կիրիենկոյի ներկայությունը վկայում է Պուտինի շրջապատի փոփոխության արագացման մասին` «Վայնոն երիտասարդ նոմենկլատուրչիկ է։ Նրա պապը Գորբաչովի ժամանակ Էստոնիայի կոմկուսի քարտուղարն էր, և ինչպես հայրը սերտ կապեր է պահում իշխանության հետ։ Պետական ծառայողի առաջին քայլերը նա իբրև դիվանագետ արեց, Ճապոնիայում ՌԴ դեսպանատան քարտուղար։ Կիրիենկոն լիբերալ անցյալ ունի։ Նրան հաջողվեց Ռոսատոմը վերածել չափազանց արդյունավետ պետձեռնարկության։ Պուտինի ապագա նախագահության ժամանակ առաջին դերերում կլինեն այդպիսի մարդիկ` հավատարիմ, ոչմիտեղից չհայտնված, համեմատաբար երիտասարդ, Պուտինի օրոք իրենց դրսևորած, բայց ոչ պարտադիր նախկին ՊԱԿ-ականներ կամ նրա ծանոթները Սանկտ Պետերբուրգում աշխատելու տարիներից»։
Դյուբիենը նաև այլ անուններ է տալիս, մարդիկ, որ արդեն աշխատում են համակարգում, և անկասկած, առաջ կգնան, գուցե մինչև փոխվարչապետ ու վարչապետ` «Արդյունաբերության ու առևտրի նախարար Դենիս Մանտուրով, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանով»։ Նրանց թվում կանայք էլ կլինեն, որ առայժմ Կրեմլից դուրս են` Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան ու Հաշվիչ պալատի նախագահ Տատյանա Գոլիկովան կարող են ավելի բարձր պաշտոններ ստանալ։ «Պետերբուրգյան քաղաքականություն» հիմնադրամը օգոստոսին հետազոտություն է անցկացրել Պուտինի իրավահաջորդի մասին` 2024-ից: Առաջին թեկնածուն վարչապետ Դմիտրի Մեդվեդևն է, որ 2008-2012-ին ՌԴ նախագահն էր։ Մյուս ֆավորիտներից են Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը (նա ուշադրություն գրավեց մայրաքաղաքի վերակառուցման մասշտաբային ծրագրով), Տուլայի նահանգապետ Ալեքսեյ Դյոմինը (նահանգում շատ հանրահայտ), պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն (նրա դիրքերն ամրապնդեց ռազմական «հաղթանակը» Սիրիայում) և Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ «Իդեալական ժառանգորդ կդառնար համեմատաբար երիտասարդ մեկը, որ կոնսենսուսային դեր ունի իշխանական համակարգում և կարողանում է միավորել տարբեր խմբերը։ Մեդվեդևն ու Սոբյանինը առավել հավանական թեկնածուներ են,- կարծում է Առնո Դյուբիենը։- Շոյգուն կարող էր վարչապետ դառնալ, բայց նա ամենաերիտասարդը չէ ու ռուս չէ։ Մատվիենկոն ևս ունի հեղինակություն ու համապատասխանում է մյուս չափանիշներին, բայց մեծ է Պուտինից»։
Ցզյունչժի ՉԺԵՆ, L'Opinion, Ֆրանսիա
Հ.Գ. Փորձանք են փորձագետները` անլուրջ է լուրջ քննարկել` ինչ կլինի 2024-ին, երբ դեռ 2018-ն էլ չի եկել։ Գուցե Պուտինը նորից է թեկնածությունը առաջադրում: Գուցե Ռուսաստանում հեղափոխություն է լինում։ Գուցե Ռուսաստանն էլ անցնում է խորհրդարանական կառավարման։ Քաղաքականության մեջ 1 տարին կանխատեսելի չէ, 6-ը հավերժություն է, իսկ հավերժության բանալիները մարդկանց ձեռքին չեն, որ դռան տեղն էլ չգիտեն։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ